Նիկոլ Փաշինյանի համար կարծես աննկատ, բայց վստահ քայլերով իշխանական թիմի ներսում իր դիրքերն է ամրացնում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նախկին փոխվարչապետը պաշտոնը թողնելուց հետո առավել ակտիվացել է քաղաքական կյանքում։ Պաշտոնը թողնելուց հետո իշխանության ներսում է նաև կարծես դարձել կամ փորձում դառնալ առանձին բևեռ։ ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանից բացի հենց Տիգրան Ավինյանն է, որ առանձին թիմ ունի։ Ըստ որոշ տվյալների նա ունի պատգամավորներ ԱԺ-ում և տարբեր կալիբրի պաշտոնյաներ գործադիրում, լուրջ դերակատարում ունի ԱԱԾ-ում և ՊԵԿ-ում։
Նախ, պաշտոնը թողնելով ու ՔՊ ցուցակ չմտնելով, Տիգրան Ավինյանը ցույց տվեց, որ ունի այնքան կամք, որ կարող է դեմ դուրս գալ Փաշինյանին, իսկ դրա փոխարեն վարչապետի պաշտոն զբաղեցնողը ոչինչ չի կարող անել։ Ավինյանից առաջ Արարատ Միրզոյանն էր փորձել առանձին թև ձևավորել, բայց «ծեծվելուց» հետո կարծես «խելքը տեղը եկավ» և վերադարձավ Փաշինյանի «փեշի տակ»։ Իսկ ահա Ավինյանի դեպքում Փաշինյանը ոչ միայն չի կարողանում ցույց տալ, որ ինքն է իրավիճակի տերը, այլև ամեն կերպ ցույց է տալիս Ավինյանի դերի կարևերությունը թիմի ներսում։ Հենց այս նպատակով էր, որ Ավինյանը հայտարարվեց ՔՊ Երևանի քաղաքապետի թկենածու։
Տիգրան Ավինյանը կարծես լավ է հասկացել, որ քաղաքական կյանքում ազդեցություն ունենալու համար պետք է առանձին ֆինանսական հնարավորություններ ունենա, որը անկախ կլինի Փաշինյանից և իր աջակից գործարարներից։ Այս ընթացքում Տիգրան Ավինյանի կամ իր մտերիմների անունները կապվում են Հայաստանում հիմնված մի շարք խոշոր բիզնեսների հետ՝ կապի ոլորտից մինչև կանեփի արտադրություն։ Ավինյանը ջերմագույն հարաբերություններ ունի Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ։ Կան պնդումներ, որ Ալեքսանյանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ավինյանի քաղաքական նպատակներին։
Տիգրան Ավինյանն ունի նաև արտաքին հովանավորներ, որոնք նա ձեռք է բերել 2014 թվականին Լոնդոնում սովորելու ընթացքում։ Այս պահին միանշանակ չէ, բայց Արևմուտքի համար Տիգրան Ավինյանը Փաշինյանին փոխարինելու հիմնական թեկնածուներից է, իսկ Երևանի քաղաքապետի ընտրություններում հաջողություն ունենալուց հետո կդառնա միակը։ Եթե Ավինյանին հաջողվի հաղթանակ տանել, ապա հավաքական Արևմուտքի ամբողջ հնարավորությունները Հայաստանում կծառայեցվեն նրան իշխանության բերելուն։



