
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, դեռ չմարսած ԱՆԻՖ-ում մսխված 25 միլիարդ դրամ գումարը, ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։
Բանն այն է, որ իշխանության վերնախավը հիմնադրել է «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը։
Համաձայն այս կենտրոնի կայքի՝ կենտրոնի առաքելությունն է օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում: Կազմակերպության նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր՝ ուղղակի ներդրումներ, եւ խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը:
Սա գրեթե նույն բանն է, ինչ որ խոստացել էին կատարել ԱՆԻՖ-ի դեպքում։
ԱՆԻՖ-ը եւս պետք է իրականացներ տնտեսության զարգացման ծրագիր, սակայն ձախողվեց ամեն բան։
Այսինքն՝ «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը, կարճ ասած, «նոր ԱՆԻՖ» է։
ԱՆԻՖ-ի կոռումպացված փորձից ելնելով՝ իշխանությունը, իհարկե, այս անգամ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրել է ոչ թե Տիգրան Ավինյանին, այլ հենց ՔՊ կուռք Նիկոլ Փաշինյանին։
Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահները ՀՀ փոխվարչապետներն են՝ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։
Հոգաբարձուների խորհրդի անդամների կազմում են նախարարներ Դավիթ Խուդաթյանը, Վահե Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանը, Գեւորգ Պապոյանը, Մխիթար Հայրապետյանը եւ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս կենտրոնի տնօրեն է նշանակվել Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։
Այս հարցով դիմել ենք արտաքին գործերի նախարարություն, թե ինչպես է ստացվել, որ Արարատ Միրզոյանի կինը «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխան չստացանք: Ինքը՝ Աբաջյանը, համացանցում այլեւս հասանելի չէ, ուստի պարզել չկարողացանք՝ ինչպես է աշխատելու, որ պետությունը ԱՆԻՖ-ի դեպքի նման խոշոր վնաս չկրի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: