Ավելի մեծ ռեսուրսների կարիք ունենք. Մեր ծրագր...

2024-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համար պլանավորված 50 միլիարդ 945 միլիոն 538 հազար դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 50 միլիարդ 859 միլիոն 707 հազար դրամ, կատարողականը 99.8%։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով թերակատարումը պայմանավորված է Երևանի ավագանու կողմից տրամադրված արտոնություններով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 18.6 միլիարդ: Դրանից 16.6 միլիարդը կազմում է շինարարական բլոկի շինթույլտվությունը»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց. «Շատ կարևոր ցուցանիշներ են արձանագրվում։ Մեր սեփական եկամուտների ձևավորման աղբյուրները վերջին տարվա ընթացքում շատ ավելի բազմազան են դարձել, և Երևանի քաղաքապետարանը եկամուտների հավաքագրման տեսանկյունից մի քանի նոր կարևոր տողեր է ավելացրել:

Պլանային առաջադրանքը արդեն գերակատարվել է վստահաբար, որովհետև արդեն իսկ մենք տարվա պլանի նկատմամբ մի 300 միլիոնի չափով ունենք պակասորդ, որը նշանակում է մոտ 18 միլիարդ գումար է հավաքագրվել: Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր փոփոխություններից մեկն է, որ իրականացրել ենք եկամուտների հավաքագրման ոլորտում:

Սիրելի Երևանցիներ, ուզում եմ տեղյակ լինեք, որ Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտում իրականացված այս փոփոխություններից էական գումարներ է հավաքագրում շինարարության ոլորտում տեղի ունեցող ծրագրերի իրականացմանը զուգահեռ, որոնք որ հետագայում դառնում են նոր ճանապարհներ, մանկապարտեզներ, բակեր, այգիներ, կոյուղիներ, մշակութային ծրագրեր:

Շատ կարևոր է նաև, որ սոցիալական ենթակառուցվածք պետք է ձևավորվի նոր կառուցվող թաղամասերում, այսինքն այն ահռելի ծավալի շինարարության պայմաններում, որ իրականացվում է Երևան քաղաքում, մեզ դրա համար պետք են նոր մանկապարտեզներ, նոր դպրոցներ, նոր մշակութային կենտրոններ, նոր այգիներ, նոր բակեր, և հետևապես սա հենց այդ նպատակով իրականացված ծրագիր է»,- հայտարարեց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ քաղաքապետարանը օրենքի տեսանկյունից իր պարտականություններն իրականացնելու առումով ունի էլ ավելի մեծ ռեսուրսների կարիք. «Կարծում եմ՝ տարեցտարի մենք սկսելու ենք էլ ավելի մեծ ծավալով ծրագրեր իրականացնել, նաև հասկանալով այլ քաղաքների փորձը, Այդ առումով կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվելիք աշխատանքների ծավալները գալիք տարիների ընթացքում միայն էականորեն և թռիչքաձև դեռևս աճելու են, այսինքն դրան այլընտրանք չկա և չեմ տեսնում ես»,- հայտարարեց Ավինյանը: