ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ուսումնասիրել է 2021թ. ընթացքում հանրապետությունում կատարված տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը:
Պարզվել է, որ 2021թ. ընթացքում հարուցվել է նշված բնույթի 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավել է 2020թ.-ի համեմատ: Նախորդ տարի դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020թ. ընթացքում:Հայտնում է դատախազությունը։
Միայն նախապատրաստված և ավարտված նյութով, քննված և ավարտված քրեական գործերով, ինպես նաև դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3մլրդ ՀՀ դրամ, կամ 2020թ. (շուրջ 12մլրդ դրամ) համեմատ 85%-ով ավելի: Էապես ավելացել է նաև քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021թ. ընթացքում վերականգնվել է 5.6մլրդ ՀՀ դրամ՝ 2020թ.-ի 1.9 մլրդ ՀՀ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի:
Տնտեսական բնույթի որոշակի հանցատեսակներով դեպքերի, ինչպես նաև վարույթում քննվող գործերի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքնով: Նախ՝ ինչպես ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունների, այնպես էլ տնտեսական գործունեության առանձին՝ հանցավորության առումով առավել խնդրահարույց ոլորտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված կոնկրետ հանձնարարականների կատարման արդյունքում էապես ավելացել են ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների կողմից հարկային պարտավորությունների չկատարման, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքերի հայտնաբերման դեպքերը:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ ՊԵԿ-ում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ-ում ռեզիդենտ համարվող շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից առանց հարկային մարմիններում հաշվառման, այսինքն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև կառուցապատման, բենզինի, դիզվառելիքի ներմուծման և վաճառքի ոլորտներում: ՞Դրանց արդյունքում հայտնաբերվել են հարկային բնույթի հանցավոր իրավախախտումներ, որոնք քրեաիրավական ընթացք են ստացել:
Բացի այդ, քրեական գործերի ոսումնասիրմամբ արձանագրվել են առանձին գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բացկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների այնպիսի խախտման դեպքեր, երբ ՀՀ կառավարության որոշումներով արտոնյալ պայմաններով ՀՀ տարածք ներմուծված ապրանքները չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը: Հաշվի առնելով, որ նման արտոնություններ տրվել են բազմաթիվ տնտեսվարողների՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերջիններիս կողմից դրանց նպատակային օգտագործման հանգամանքները պարզելու և խախտման դեպքերի մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ: Ելնելով գործնական խնդիրներից՝ 2021թ. համապատասխան իրավակարգավորումներում փոփոխությունների կոնկրետ առաջարկություններով համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Արդյունքում այդ առաջարկությունները ներառվել են ՀՀ կառավարության որոշման մեջ:
Բացի այդ, վերջին շրջանում բանկերը, վարկային կազմակերպություններն առավել նախաձեռնող են դարձել կեղծ փողեր հայտնաբերելու դեպքում այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու, վերջիններիս հետ համագործակցելու հարցում: Դրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ բանկային կամ վարկային, վճարային համակարգերի բնագավառում գործող կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել կեղծ փողերի հայտնաբերման նոր սարքավորումների ներդրման, աշխատակիցների զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այդ, դրան նպաստել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Կենտրոնական բանկի և բանկերի ներկայայցուցիչների մասնակցությամբ նախորդ տարի կազմակերպված՝ կեղծ փողերի դեմ պայքարի շրջանակում նման դեպքերի մասին ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնելու, այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ձևերի շուրջ քննարկումը:
ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականության համատեքստում քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, դատախազների հանձնարարությամբ պարտադիր քննության առարկա է դարձվում կասկածյալների կամ մեղադրյալների՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունենալու, նման սուբյեկտ հանդիսանալու դեպքում դեպքում նրանց հայտարարագրերի ուսումնասիրման և ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում վերջիններիս ապօրինի հարստացման հանգամանքները:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվող քննությունների օրինականության ստուգման, ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում վեր են հանվել նաև նշանակվող փորձաքննությունների տևողությանը, գույքի վրա կալանք դնելուն, նշանակված հարկային ստուգումների բողոքարկումներին և այլ հարցերին վերաբերող գործնական խնդիրներ: Դրանց արդյունքում ինչպես կոնկրետ քրեական գործերի քննարկումներով, այնպես էլ մի շարք հաղորդումներով վարույթն իրականացնող մարմնին տրվել են կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ: Մասնավորապես, 2021թ. ընթացքում քննվող քրեական գործերով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 38 գրավոր ցուցում, ինչը կրկնակի ավելի է 2020թ. համեմատ, իսկ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին ու ՊԵԿ ՕՀ վարչությանը տրվել են օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու 23 հանձնարարականններ:
Նշված բնույթի քրեական գործերի քննության ընթացքում թույլ տրված խախտումերն ու թերացումները վերացնելու, ինչպես նաև գործերով անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով ներկայացվել է 269 հաղորդում: