Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի «Կալեյիկինո» նավթի պոմպակայանում, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Տեղի բնակիչները լսել են մի շարք պայթյուններ, որոնց հաջորդել է խոշոր հրդեհ։ Հրդեհի կադրերը հրապարակվել են մի շարք Telegram ալիքներով։
«Կալեյկինո»-ն խոշոր նավթամղման կայան, նաև խոշոր տրանսպորտային հանգույց է, որը ստանում և խառնում է տարբեր որակի նավթ Արևմտյան Սիբիրից, Թաթարստանից, Ուդմուրտիայից և Բաշկիրիայից, այն պահեստավորում է տասնյակ բաքերում և մղում է հիմնական նավթամուղերով, այդ թվում՝ Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարան և արտահանման ուղիներ։
«Կալեյկինո»-ն նավթամղման հիմնական կայաններից մեկն է, որտեղից նավթը մտնում է «Դրուժբա» խողովակաշար։
Ալմետևսկի վարչակազմը հայտնել է, որ քաղաքի արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։ Վիրավորներ չկան։
Նույն գիշերը Բելգորոդն է ենթարկվել զանգվածային օդային հարվածի։ Քաղաքում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման անջատումներ են եղել։



