Նախորդ շաբաթ ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք ընդդիամդիր գործիչներ մտահոգություն էին հայտնել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է փակել Մեծամորի ատոմակայանը։ Կասկածի առիթ էր հանդիսացել Փաշինյանի ատոմակայան այցելելը։ Ոմանք էլ ավելի հեռուն գնացին և հայտարարեցին, թե փաշինյանական իշխանությունը պատրաստվում է թուրքերի պահանջով փակել ատոմակայանը։ Այս քննադատողների շարքում հատկապես ակտիվ էին ՀՀԿ-ական գործիչները կամ աջակիցները։
Իհարկե դժվար է պնդել, որ Փաշինյանը ատոմակայանը չի փակի կամ, որ ատոմակայանի փակմամբ հետաքրքրված չի լինի Թուրքիան (այս երկիրը անգամ հրապարակային է խոսում այդ մասին), բայց անհասկանալի է, որ փակմամբ մտահոգված են նախկին իշխանության ներկայացուցիչները։
Ատոմակայանի փակման հարցը ամենաառարկայական ձևով քննարկվել է հենց ՀՀԿ-ական իշխանության կողմից դեռևս 2017 թվականին։ Տարիներ առաջ, երբ հրապարակվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախագիծը՝ Հայաստանում կրքերը թեժացան: Ինչպես այդ օրերի մամուլն էր գրել՝ համաձայնագրի կետերից մեկը վերաբերվում էր Մեծամորի ատոմակայանի փակմանը:
Ժամանակին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված ՀՀ-ԵՄ համաձայնագրի թարգմանված տարբերակում, ՀԱԷԿ-ին վերաբերվող հատվածում ասված է, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործումը դադարեցնելով հանդերձ՝ պետք է քայլեր ձեռնարկի դրա արտադրական հզորությունները այլ հզորություններով փոխարինելու ուղղությամբ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:
Այսքանից հետո հետաքրքիր է, թե ատոմակայանի փակման թուղթ ստորագրած իշխանության ներկայացուցիչները ինչպես են մտահոգ դրա հավանական փակմամբ։



