Ատլանտիկայում հայտնաբերվել է ռադիոակտիվ թափոն...

Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևելքում միջազգային հետազոտական խումբը հայտնաբերել է ռադիոակտիվ թափոններով լցված ավելի քան 1000 տակառ։ Այս մասին հայտնում է գերմանական Tagesschau-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնին։

Գիտնականների գնահատմամբ՝ տվյալ հատվածում՝ 3-ից 5 հազար մետր խորության վրա կարող է գտնվել ռադիոակտիվ թափոններով մինչև 200 հազար տակառ։ Դրանք նախագծված են ջրի ճնշմանը դիմակայելու համար, սակայն չեն ապահովում ճառագայթման ամբողջական մեկուսացում։ Տակառների տեխնիկական վիճակը ներկայումս հայտնի չէ։

Ռադիոակտիվ թափոնների այս զանգվածը օվկիանոս է տեղափոխվել 1950-1980-ական թվականներին, երբ մի շարք պետություններ միջուկային արդյունաբերության թափոններն ուղղակիորեն գցում էին օվկիանոս։ Այս պրակտիկան արգելվել է 1993 թվականին։

2025 թվականի հունիսի կեսին ֆրանսիական Բրեստ քաղաքից մեկնարկած հետազոտական առաքելությունը՝ L’Atalante գիտահետազոտական նավով, նախատեսում է չորս շաբաթ շարունակ ուսումնասիրել օվկիանոսային հատակին թափված տակառների ազդեցությունը տեղական էկոհամակարգի վրա և կազմել դրանց տեղակայման քարտեզ։