
4-5 ամիս է, քննարկման փուլում է, ուզում եմ հասկանամ՝ չեն կարո՞ւմ էդ հարցը քննարկեն, վերջացնեն։ Այս մասին ասել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի բնակիչներից մեկը: Նրանք պահանջում են լուծում տալ իրենց վթարային շենքերի խնդրին։
«Էդ, որ իրենք ասում են՝ գումար չկա, լավ էլ կա, մարդու մտքին տեղ լինի՝ կճուճը եղ կլինի։ Բոլոր հարցերն էլ կարևոր են, բայց մարդկային կյանքը՝ ավելի կարևոր է», – նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց խոսքով՝ արդեն ամիսներ շարունակ հարցը քննարկման փուլում է, սակայն կոնկրետ լուծումներ չեն տրվում։ Բնակիչների պնդմամբ՝ շենքերի վիճակն ամեն օր վատանում է։ Դրանք խիստ վթարային են, և նույնիսկ ընթացիկ տեխնիկական աշխատանքներից՝ ջրահեռացման համակարգի վերանորոգման նպատակով արված փոսափորումներից են շենքերը դղրդում:
«Քայլում ենք՝ շենքը դղրդում է, մեքենա է անցնում՝ վերև ենք նայում, տեսնենք լուստրան շարժվեց, թե չէ», – պատմեց բնակիչը։
Քաղաքացիները կոչ են անում պատասխանատու մարմիններին՝ հնարավորինս արագ տալ պաշտոնական գրավոր որոշում շենքերի վթարայնության վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, անհրաժեշտ է քաղաքապետարանի հետ հետագա քայլերի համակարգման համար: