Ասում են՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, ո՛...

Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հանգրվանի առիթով: Երեկ տեսա, որ ասում են՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, էս մոռացաք, էն մոռացաք, ոչ, այդպես չի: Զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին: Մեր եղբայրները ընկել են, որպեսզի ՀՀ-ն ոտքի կանգնի, և Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնել՝ որպես միջազգային գերտերությունների արժանապատիվ գործընկեր: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:

«Մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ի սկզբանե կարող էինք ենթադրել: Երբ մենք Վաշինգտոնի հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի ապահովումը ՀՀ-ի համար փոխադարձ առավելություններով, մենք ենթադրում էինք, որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա աշխարհի հետ: Դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան Հայաստանն ու միջազգային հանրությունը սպասում էին: Այսօր Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանի և միջազգային հանրությունը սպասում էին, գուցե նաև Ադրբեջանը»,- նշել է նա:

Անդրադառնալով շուկայում մենաշնորհների մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ իրենք փորձում են դա հաղթահարել. «2018 թվականից մենք ինչքան ենք աշխատել ու չարչարվել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ, այնպես չի, որ հաղթահարել ենք: Հիմա մեր բոլորի առաջ բենզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհները խաղաքարտերի տնակի նման քանդվում են, և այդ ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում ու մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար»: