Բաքվի զինվորական դատարանում այսօր 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին անթույլատրելի է համարում դատավճիռը:
«Իրավունք չունեին իրեն 19 տարի դատել, էդ որ ասում են՝ ինքը Խոջալուի ցեղասպանությանը մասնակցել, սաղ սուտ է, ինքը դրա հետ ընդհանրապես կապ չունի», - «Ազատությանն» ասաց Արմեն Բաբայանը:
Մադաթ Բաբայանը Մարտակերտի Գետավան գյուղում էր ապրում, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ նա գյուղը լքել չէր հասցրել և հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից:
Բաքուն 74-ամյա հայ տղամարդուն մեղադրում է այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու մեջ: Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, այսօր հրապարակելով դատավճիռը, նշում է, որ թեև Բաբայանին ցմահ ազատազրկում էր սպառնում, բայց հաշվի առնելով նրա տարիքը՝ դատախազը պահանջել է 20 տարի: Դատավորն էլ մեկ տարով նվազեցրել է պատժաչափը:
Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել:
Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, թե Մադաթ Բաբայանն ընդունել է մեղքը: Մինչդեռ նրա որդին՝ Արմենը, վստահ է, որ հորը պարզապես ստիպել են ասել այդ ամենը:
«Հիմա ես էլ որ լինեմ այնտեղ, ինձ էլ էդ օրը գցեն, ես էլ կխոստովանեմ, ստից տեղը կասեմ, որ կռվել եմ, 100 հոգի մարդ եմ սպանել: Սաղս էլ գիտենք, ով ընկնում է էնտեղ, պետք է խոստովանի, բայց ինքը կապ չունի դրա [Խոջալուի դեպքերի] հետ», - ասաց նա:
Մադաթ Բաբայանի որդին հույս ուներ, որ հորն ազատ կարձակեն, բայց տեղեկանալով 19 տարվա ազատազրկման մասին՝ հույսը կորցրել է:
Որդին ահազանգում է հոր առողջական լուրջ խնդիրների մասին. արդեն մեկ տարի է՝ 74-ամյա Բաբայանը կոկորդի հատվածում խեղդող ցավեր ունի, տղան կասկածում է, որ հոր մոտ քաղցկեղ է զարգացել, բայց տեղյակ չէ, թե արդյոք նրան բժիշկ այցելել կամ զննել է:
«Երեկ էր զանգել, իր առողջական վիճակը շատ վատ էր, չէր կարողանում խոսել: Ասում է՝ կոկորդս ինչ -որ բան կա, խանգարում է, շունչս կտրվում է, չեմ կարողանում խոսել: Մի տարի է, որ դա առաջացել է իր մոտ: Ուռուցքի նման մի բան է», - պատմեց որդին:



