Բացի այն, որ ապօրինություններ են տեղի ունենում և տեղի ունենալու թերևս Հովհաննավանքում, բացի այն, որ շատ անտեղյակ, բայց բարեպաշտ մարդիկ իրենց չիմանալու պատճառով վատ հոգևոր հետևանքներ են քաշելու, ակամա մասնակցություն ունենալով ապօրինությունների, ոչ օրինական պատարագների, ոչ օրինական ծիսական կյանքի, ոչ օրինական քահանայի օրհնության, նաև այստեղ կարևոր եմ համարում իրազեկ, բարեպաշտ հավատացյալների հոգևոր իրավունքները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տեր Վիգեն Քահանա Ղազարյանը։
«Նրանք իրազեկ են և գիտեն, որ Հովհաննավանքում իրեն քահանա հորջորջող, բայց ոչ քահանա անձնավորություն, ծիսագործում է, պատարագ է մատուցում իբրև թե, և նրանք գիտակցաբար չեն գնա այդ պատարագին, բայց նրանք ուրիշ տեղ չունեն գնալու։ Այստեղ ոտնահարվում է հավատացյալ մարդու հոգևոր իրավունքը։ Նա այս խժդժության պատճառով զրկվում է իր բաժին պատարագից, զրկվում է իր բաժին հաղորդությունից։ Ահա այս հանգամանքը իմ կարծիքով ոչ պակաս կարևոր է և անհրաժեշտ է որ շատ արագ լուծում առաջարկվի այդ մարդկանց, որ նրանք կարողանան շարունակել իրենց հոգևոր ընթացքը, իսկական պատարագների մասնակցելու հնարավորություն ունենալ։
Օրինակի համար, եկող կիրակի շատ իրազեկ հավատացյալներ, ցավոք սրտի, զրկված են լինելու ճշմարիտ սուրբ հաղորդությունից»,–ասաց նա։



