Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին լրացուցիչ 66,1...

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին:

66,1 մլն եվրո արժողությամբ այս վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023-ի նոյեմբերի 27-ին:

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»-ն իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015թ․հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ․ և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար:

Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ և այլ գործառույթներ:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքերի իրականացման տարբեր փուլերում։

Ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով։

Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10,700 աշակերտի համար։

Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%-ը։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ անհնար է դառնում մնացած ֆինանսական միջոցներով իրականացնելու ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները:

Պատճառներից մեկն այն է, որ ի սկզբանե նախատեսված է եղել որոշակի թվով դպրոցների ամրացում և որոշակի թվով դպրոցների կառուցում, ակայն  ծրագրում ընդգրկված 46 դպրոցներից 45-ը նպատակահարմար է համարվել կառուցել՝ ամրացման փոխարեն, ինչը լրացուցիչ ծախս է:

Երկրորդ պատճառը փոխարժեքի կուրսի տատանումն է, վարկային պայմանագրի մեկնարկի ժամանակ մեկ ԱՄՆ դոլարը կազմել է 489 ՀՀ դրամ, իսկ երրորդ պատճառը շինարարական նյութերի թանկացումն է։ Մասնավորապես, եթե ծրագրի շրջանակներում մեկնարկած առաջին երեք դպրոցներում մեկ աշակերտի հաշվով ծախսը կազմում էր 2,053,000 դրամ, իսկ մեկ ք/մ-ի արժեքը 211,000 դրամ, ապա ներկայումս թանկացումներով պայմանավորված այդ գումարը կազմում է 4,482,000 դրամ մեկ աշակերտի հաշվով և 359,000 դրամ՝ մեկ ք/մ-ի հաշվով։

Հիմք ընդունելով վերոգրյալը` իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,1 մլն եվրոյի չափով։