Բոլոր հիմնական գրառումներում ես նշում եմ, որ Կտրիճ Ներսիսյանի գործունեությունը շարունակում է հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Անկեղծ ասած, 2020 թվականին, երբ հանդիպել եմ նրա հետ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել: Ես գնացել եմ, ընդ որում՝ չէի ուզում գնալ: Այն ժամանակ «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» թեմաների շուրջ կար լարվածություն: Ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին «Հայոց պատմություն» և առանձին «Հայ եկեղեցու պատմություն», որովհետև դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում էին, որ դուք Եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք Եկեղեցու պատմությունը և այլն:
Իմ գործընկերներից մի քանիսը ասում էին՝ գուցե զրուցեք, հասկանաք՝ ինչ խնդիրներ են: Այդ զրույցի ընթացքում, ըստ էության, այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ. հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում Եկեղեցուն:
Ասացի՝ մի օրինակ կարո՞ղ եք բերել, ասաց՝ այո՛, կարող եմ բերել: Կանչեց իր օգնականին, ասաց՝ մի հատ էն թուղթը բեր, օգնականը բերեց թուղթը, ասաց՝ դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակին, այսինքն մեջքի հետեւում նստացրել ես մի կարգալույծ քահանայի։ Ասում եմ՝ մեղա քեզ, Տեր Աստված: Ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում։ Ասում եմ, իսկ կա՞ ապացույց, որ ես այդպիսի բան եմ արել: Ցուցադրում է մի նկար, որտեղ Գայանե Աբրահամյանի «Հոդված 3»-ում ինձ և Սուրեն Պապիկյանին, որն այն ժամանակ ՏԿԵ նախարար էր, հրավիրել էին չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկմանը, որը վերաբերում էր հանրակրթությանը, նստեցրել են առաջին շարք, և ում վրա ինքը ցույց էր տալիս, նստած էր հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ո՛չ իմ, ո՛չ Սուրեն Պապիկյանի հետ: Ասում է՝ դու միջոցառում ես կազմակերպել և այսպիսի շարան։ Եվ այս մարդիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով, այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էին մթնոլորտ: Եվ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը, և այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգևորականներին կերակրում էր»,- հայտարարեց Արայիկ հարությունյանը։



