Կառավարություն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրմանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո դոլար արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝
Առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,
Առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը,
Բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,
Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,
Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,
Էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով որոշումը, նշեց. «Վարկային միջոցները բաշխված են տարիների մեջ եւ մենք մինչեւ 2028 թվականը պետք է կարողանանք ապահովել ամեն մի արդյունքային ցուցանիշի դրական ելքը եւ միայն այդ պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն»:
Նա նշեց մի քանի ցուցանիշ. «Օրինակ, առաջին ցուցանիշով ոչ վարակիչ հիվանդությունների վեևրահսկումը կբարելավվի առողջության առաջնային պահպանման օղակում, եւ ամեն տարվա համար սահմանված են ցուցանիշները: Սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում հիվանդանոցային մահացությունը պետք է նվազի: Կվերականգնվեն եւ կկառուցվեն առողջապահական հաստատություններ, այս ծրագրով նխատեսվում է 24 ամբուլատորիաների եւ պոլիկլինիկաների կառուցում ու վերազինում»: