Աշտարակում 75 հա սուպերինտենսիվ պտղատու այգի...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում 2024թթ.-ին 90 հա հողատարածքում հիմնել է 75 հա սուպերինտենսիվ պտղատու այգի՝ մեկ հեկտար հողակտորի վրա տնկելով շուրջ 2000 հատ ծառ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել սառնարանային տնտեսություն, մրգի տեսակավորման և փաթեթավորման արտադրամասև ստվարաթղթե փաթեթավորման տարաների արտադրության արտադրամաս։

Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․73 մլրդ դրամի ներդրում՝ սառնարանային տնտեսության շինության կառուցման, սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռքբերման, տեսակավորման և փաթեթավորման հոսքագծի ձեռքբերման և տեղադրման համար։

Ներկայումս առկա է 50 աշխատատեղ 440 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 90-ի՝ 440 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 491 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 46․6 մլն դրամ: