
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ:
Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին:
Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, թե ուզում է այն հանձնել ոստիկանություն:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ նրանց հացատանը հայտնաբերվեց քանդված վիճակում «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 25 փամփուշտով պահունակ և էլի 36 փամփուշտ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Կրկին հորդորում ենք չսպասել նման ավարտի, այլ խուսափել քրեական պատասխանատվությունից` ապօրինի պահվող զենք-զինամթերքը ժամանակին կամավոր հանձնելով իրավապահներին: