
2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ Ռուսաստանը առաջարկներով հանդես եկավ և փորձ կատարեց պայմանավորվածություններ ձեռք բերել ԱՄՆ-ի հետ, որպեսզի կանխվի ռազմական էսկալացիան։ Այն ժամանակ ԱՄՆ դեմոկրատական վարչակարգը կտրականապես մերժեց քննարկել ՌԴ առաջարկները, որոնք որոկեց, որպես ուլտիմատում, ինչը, ի վերջո, բերեց ուկրաինական պատերազմի վերսկսման, այս անգամ առավել լայնածավալ ու դաժան։ Երեք տարի ընթացող այս պատերազմը հարյուր հազարավոր կյանքեր խլեց, աշխարհը մի քանի անգամ կանգնած էր միջուկային տոտալ պատերազմի շեմին և միայն ԱՄՆ-ում դեմոկրատական վարչակազմի հեռացումից հետո կրկին սկսվեցին բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այս անգամ բանակցությունների ֆոնը դրական է, ԱՄՆ-ն պատրաստ է գործընկերության, Ռուսաստանը քննարկում է պատերազմի դադարեցման տարբերակներ։
Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին ռաունդը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Բանակցությունները վարում էին Ռուսաստանի կողմից Սերգեյ Լավրովը և նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր-Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել խորհրդատվական մեխանիզմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում գրգռիչները վերացնելու համար, հայտնում է Պետդեպարտամենտը։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ կողմերը քննարկել են նաև ընդհանուր աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ապագա հնարավորությունները։
Կողմերը պայմանավորվել են, ստեղծել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար բանակցային խմբեր։ Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական հարցով իր հիմնական բանակցողի անունը կհրապարակի, երբ դա անի ԱՄՆ-ն։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ուրվագծել են իրենց դիրքորոշումները ուկրաինական կարգավորման վերաբերյալ և պայմանավորվել են կապ հաստատել բանակցող թիմերի միջև։
Ուկրաինան և ԵՄ երկրները անհնգստացած են, որ ուկրաինական կոնֆլիկտի ճակատագիրը, հետևաբար ողջ ԵՄ ճակատագիրը կարող է որոշվել առանց իրենց մասնակցության։ Թե Ուկրաինան, և թե ԵՄ-ն հայտարարել են, որ նման բանակցություններում կայացված որոշումներն իրենց համար ընդունելի չեն լինելու։ ԱՄՆ-ից շտապել են հայտարարել, որ սա խաղաղության բանակցությունների նախապատրաստական հանդիպում էր ու հիմնական բանակցությունների ժամանակ իրենք չեն մոռանա հրավիրել Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչներին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկել են խնդրահարույց հարցերի ողջ շրջանակը։ Նա նշել է, որ Արևմուտքը նյարդայնացած, եթե ոչ խուճապային են արձագանքում ռուս-ամերիկյան շփումներին։
Այս պահին ակնհայտ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վճռական են լուծելու իրենց առաջ ծառացած խնդիրները։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ լուծումներ գտնելը ուկրաինական հարցում իրենց համար չի նշանակում, որ կգնան տարածքային զիջումների, կամ կհանդուրժեն Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի ներկայություն, անկախ դրանց ձևից և թե որ դրոշի տակ հանդես կգան։ ԱՄՆ-ից կարծես ռուսական այս պահանջին դեմ չեն, համենայնդեպս հրապարակային դեմ չեն արտահայտվել։
Հրապարակային առավել տեղեկատվություն հայտնի չէ բանակցությունների ընթացքից, դրա մասին տեղեկությունների սով կա անգամ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների մոտ, որոնք դեռ միայն գուշակում են, թե ինչ կարող են պայմանավորվել ռուսներն ու ամերիկացիները։
Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ աշխարհին լրջագույն փոփոխություններ են սպավում ու դրանք կարող են որոշ դեպքերում ցունամիի էֆեկտ ունենալ։ Ամեն բան կախված է Պուտին-Թրամփ սպսավող հանդիպումից։ Առաջիկա մի քանի շաբաթներն ու ամիսները հիրավի վճռորոշ են լինելու աշխարհի համար։