Աշխարհի յուրաքանչյուր, ցանկացած երկիր իրավուն...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ դեմ չէ Թեհրանի խաղաղ միջուկային ծրագրին, սակայն Իրանն ունի անհրաժեշտ ամեն ինչ միջուկային զենք ստեղծելու համար։ Այս մասին նա ասել է ամերիկյան CBS հեռուստառադիոցանցի «Face the Nation» հաղորդմանը տված հարցազրույցում։

Ռուբիոյին հարց են ուղղել՝ արդյոք հետախուզական տվյալներ առկա են Իրանի կողմից միջուկային զենք պատրաստելու հրամանի վերաբերյալ։

«Ինչո՞ւ պետք է թաղել, ինչո՞ւ պետք է իրերը թաղել լեռան մեջ՝ գետնի տակ 300 ոտնաչափ խորության վրա։ Ինչո՞ւ նրանք ունեն 60 տոկոս հարստացված ուրան։ 60 տոկոս հարստացված ուրանի կարիք չկա։ Աշխարհում երկրները, որոնք ունեն 60 տոկոս ուրան, այն երկրներն են, որոնք ունեն միջուկային զենք», - ասել է Ռուբիոն՝ նշելով, որ իր համար անհասկանալի է, թե քաղաքացիական միջուկային ծրագրի համար ինչո՞ւ պետք է ուրանը հարստացնել 60 տոկոսով։

ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ նշել է, որ դեմ չէ Իրանի խաղաղ միջուկային ծրագրին։

«Աշխարհի յուրաքանչյուր, ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ քաղաքացիական միջուկային ծրագիր։ Բայց նրանք իրավունք չունեն այն 60 տոկոսով հարստացնելու, թաքցնելու լեռան տակ և մշակելու հեռահար, կարճ և միջին հեռահարության հրթիռներ և հովանավորելու ահաբեկչական պրոքսիներին ամբողջ աշխարհում։ Նրանք իրավունք չունեն դա անելու, իսկ նրանք հենց դա էին անում։ Եվ ոչ ոք չի զբաղվել դրանով, և դա շարունակել է ձգձգվել։ Նրանք խաղեր են խաղացել բազմաթիվ նախագահների և աշխարհի բազմաթիվ երկրների հետ և անպատիժ են մնացել 40 տարի շարունակ», - նշել է Ռուբիոն։

Նա նաև ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է լուծել այս խնդիրը դիվանագիտական ​​և խաղաղ ճանապարհով և հնարավորություն է տվել Իրանին անել դա, սակայն նրանք հետաձգել են։

«Նրանք նույնիսկ ուղղակիորեն չէին հանդիպում մեզ հետ: Մենք ստիպված էինք դա անել երրորդ երկրների միջոցով», - նշել է Ռուբիոն։

Վաշինգտոնը և Թեհրանն Օմանի միջնորդությամբ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Բանակցությունների վեցերորդ փուլը չեղարկվել էր Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարվածների պատճառով։