Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների համար ավարտական քննությունները կարող են միաժամանակ նաև ատեստավորման քննություններ հանդիսանալ։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ 4-ամյա ուսումնառությունից հետո սպաները ստանում են բնակարան, որի արժեքը կազմում է շուրջ 35 մլն դրամ։ «Սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի: Բայց ես ուզում եմ նաև նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. ասեք մի մասնագիտություն, որ բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ և բնակարան», - ասել է Պապիկյանը։



