Սահմանադրության տեքստից ոչինչ չի բացառվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, օգոստոսի 11-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, իշխանող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլակյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցերին։
«Մենք չենք վերցրել գործող Սահմանադրությունը և նրանից ինչ-որ դրույթներ չենք հեռացրել, նորերը չենք ավելացրել։ Մենք վերցրել ենք մաքուր թուղթ և դրա վրա սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստը»,- ասել է Ջուլակյանը։
Միաժամանակ նա ընդունել է, որ նոր Սահմանադրության նախագծի նախաբանում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը։
«Արդյո՞ք նախաբանը, որը, ենթադրաբար, պետք է լինի նախագծում, հղում պարունակում է Անկախության հռչակագրին։ Ոչ, և չպետք է պարունակեր։ Ալիևը սրա հետ որևէ կապ չունի, որքան էլ դուք այդ մասին խոսեք և շահարկեք այս հարցը»,- ասել է ՔՊ–ական պատգամավորը, թեև հենց Ադրբեջանի ղեկավարությունն է պահանջում Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը՝ հրաժարվելով առանց այդ պահանջի կատարման ստորագրել միայն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։
Գլխավորը, նրա կարծիքով, այն է, որ յուրաքանչյուր ոք պետք է առաջնորդվի պետականության ամրապնդման և ժողովրդի ու պետության՝ իր տարածքում երկարաժամկետ գոյության ապահովման հրամայականով։
Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության նախագծի տեքստի հրապարակման ժամկետներին, ապա Արուսյակ Ջուլակյանը նշել է, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությունը դեռ պահպանվում է, այդ թվում՝ թիմի ներսում։ Այնուամենայնիվ, փաստաթղթի հրապարակման ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։



