Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, Facebook–ի իր էջում գրել է. «Ինչպես արդեն տեղեկացրել եմ ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը: Այս օրերին մի քանի անգամ Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ Արթուրին, նա ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրներ, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն:
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, ինչը իր հերթին բերել է նրան, որ այժմ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում:
Որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանը արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապօգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող կետոնալ դեղահաբ են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբը ուժեղացնում է արյունահոսությունը:
Այսօր նշված խնդրի մասին գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին` ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ»։
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը (Նորք-Մարաշի զինված խմբի կամ «Հայոց Վահան» ՀԿ-ի ղեկավար) մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու, ծանր հանցագործություններ նախապատրաստելու և ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու ու պահելու մեջ։
Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ-ի, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։



