Արթուր Վանեցյանի վիճակն ամենածանրն է

Ընտրություններից հետո ընդդիմադիր բոլոր ուժերն են հայտնվել ծանր վիճակում։ Կան ուժեր, օրինակ` ԲՀԿ-ն, որ ընդհանրապես դուրս մնացին քաղաքական գործընթացներից։ Թվում է, թե ԱԺ անցած ընդդիմադիր ուժերն առավել լավ դիրքերում են, բայց այդ զգացողությունը խաբուսիկ է։

Խորհրդարանում ներկայացված ուժերից ամենածանրը «Հայրենիք» կուսակցության վիճակն է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս է կազմում։ Դաշինքի յոթ հոգանոց ֆրակցիայի 3 պատգամավորական տեղերը նշված կուսակցությանն են, բայց երեք պատգամավորներից միայն Արթուր Վանեցյանն է, որ ներկայացնում է կուսակցությունը։ Վանեցյանի ղեկավարած կուսակցության քվոտայով ԱԺ անցած Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանը որևէ կապ չունեն կուսակցության հետ, ավելին՝ Իշխան Զաքարյանը ջերմ հարաբերություններ է պահպանում իշխող թիմի հետ, և իր կեցվածքից տպավորություն է, որ իշխանություններն ամենևին էլ դավաճան չեն, ինչպես ընդդիմությունը պնդում էր պատերազմից հետո։

Արթուր Վանեցյանը չկարողացավ օգտագործել այս ընտրությունները, որպեսզի, բացի իրենից, իր այլ կուսակիցներ ևս քաղաքական կարևոր դպրոց անցնեն որպես պատգամավոր, փոխարենը նա խորհրդարան տարավ գործիչների, ովքեր կես ժամ անգամ «Հայրենիք» կուսակցության դրոշի ներքո հանդես չեն գա։

Ի դեպ, պետք է նկատել, որ այս իմաստով փայլուն պարտիա խաղաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, բացի Տարոն Մարգարյանից, խորհրդարան գործուղեց նաև 3 նոր կադրեր՝ Տիգրան Աբրահամյան, Հայկ Մամիջանյան և Աննա Մկրտչյան, ովքեր փայլուն են դրսևորում իրենց որպես պառլամենտականներ։ Սա կարևոր ներդրում էր ՀՀԿ-ի համար, որը միանշանակ իր դրական ազդեցությունն է ունենալու հաջորդ ընտրություններում։

Հ․Գ․ Հետաքրքիր է նկատել նաև, որ Գյումրու ընտրություններին ՀՀԿ-ն չի ցանկանում մասնակցել «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։ Սրանով «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական կյանքը կարծես ավարտվում է։