Ալիեւի հրահա՞նգն է Փաշինյանը կատարում. հարց Ծ...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող վիրավորանքների, սպառնալիքների և իր նկատմամբ լրտեսության մեղադրանքների մասին։

Լրագրողի հարցին՝ ինչպես է արձագանքում նման մեղադրանքներին և քաղաքական սուր հռետորաբանությանը, Ծառուկյանը պատասխանել է․

«Ուրեմն ես նորից եմ ուզում ասել՝ ես երբեք իմ բարձունքից չեմ իջնի և իմ կլասը չեմ գցի։ Սա նշան է իր խառնաշփոթության, իր վախի, որ կորցնում է ամեն ինչ։ Չկա ոչ վստահություն, ոչ հենարան, ոչ ձայն։ Միայն վախի մթնոլորտ է ստեղծված։ Դա ժամանակավոր բնույթ է կրելու», — ասել է նա։

Նրա խոսքով՝ իշխանության վարքագիծը պայմանավորված է իրավիճակի վատթարացմամբ․

«Ութ տարի նույն բանն է՝ սուտ, մարդկանց խաբել, ֆռացնել։ Ժամանակը եկել է, սա վախի նշան է։ Եթե մարդը վստահ լիներ, հանգիստ կլիներ, ջերմ ժպիտով կխոսեր։ Սա վախի նշան է», — ընդգծել է Ծառուկյանը։

Անդրադառնալով «Արարատ ցեմենտի» հնարավոր պետականացմանը՝ նա նշել է, որ տեղեկություններ ունեցել է գործընթացների մասին, սակայն դրանք կապում է քաղաքական ճնշումների և արտաքին ազդեցության հետ․

«Ինձ տեղյակ էին պահել, բայց նայելով իրավիճակը՝ սա Ալիևի պահանջն է։ Խնդիրը Ալիևն ու Նիկոլն են այս երկրի առաջ կանգնած։ Ութ տարում ոչ մի լավ բան չի արվել՝ ոչ վստահություն, ոչ բարեկեցություն։ Մնացել են տուգանքներ, զոհեր, հողերի կորուստ», — ասել է նա։

Ծառուկյանը նաև պնդել է, որ երկրի քաղաքական վիճակը ծանր է․ «Ոչ մեկը չի ընդունում, որ ինչ-որ հարց կարող է լուծել։ Այս վիճակում ասում եմ՝ օրերի հարց է մնացել։ Կտեսնենք, կհիշեք», — նշել է նա՝ հղում անելով նախկին քաղաքական կանխատեսումներին։

Անդրադառնալով մեղադրանքներին և հնարավոր պետականացմանը՝ Ծառուկյանը կտրուկ է արձագանքել․ «Ծառուկյանին վախեցնել հնարավոր չէ։ Ես չեմ փոխի հայրենիքը ունեցվածքի հետ։ Ես այստեղ ծնվել եմ, կայացել եմ, ես եմ ստեղծել ու էլի կստեղծեմ։ Եթե փորձում են անօրինական խլել՝ դրա պատասխանը պետք է տա պետությունը: Էլի կստեղծեմ, թող ուրիշները մտածեն, բայց կարող եմ իմանալ, որ դա պահանջ է կատարում Ալիևի, որ վագոնները դատարկ չգնան, գան, նույն ասենք Ադրբեջանի ցեմենտը, ոնց որ բենզին է գալիս, նա էլ նրանց մոտ է»:

Նա նաև հիշեցրել է իր նախկին ձերբակալության մասին․«Մի անգամ արդեն ձերբակալել են, հետո արդարացվել եմ։ Թող վարչապետը պատասխան տա՝ ինչի համար է դա արվել։ Ես պատրաստ եմ նաև Եվրոպական դատարան դիմելու»:

Խոսելով քաղաքական ուղեգծի մասին՝ նա ընդգծել է, որ շարունակելու է նույն ձևով․ «Ես իմ ժողովրդի կողքին եմ՝ խեղճացած, պարտքերի մեջ գտնվող մարդկանց կողքին։ Այսպես երկիր չեն պահում։ Մարդը պետք է խիղճ ունենա»: