«Ես կարծում եմ՝ ուշ, թե շուտ, կգա ժամանակ, երբ այդ տեքստը կդառնա հանրամատչելի: Թե ով դա կարտասանի, երբ կարտասանի, ես հիմա ասել չեմ կարող, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ հասարակության մեջ այդ տեքստը կդառնա ընկալելի և ընդունելի ինչ-որ ժամանակ անց»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» ՀԿ հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով տեքստին, որը, Դանիելյանի խոսքով, պետք է ընթերցի Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ վերջինիս դեմ Արթուր Դանիելյանը հայց էր ներկայացրել, որը դատարանն ընդունել է վարույթ: Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ պատրաստ է արտադատական կարգով հարցը լուծել, եթե քաղաքացի Փաշինյանը համաձայնի կատարել հայցում ներկայացված պահանջը և հրապարակավ ընթերցել հետևյալ տեքստը:
Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ե՞րբ կգա այդ ժամանակը, Արթուր Դանելյանը պատասխանում է.«Կախված է հասարակության առողջացման գործընթացից: Հույս ունեմ, որ մեր հասարակությունն արագ կսկսի առողջանալ, բայց կարծում եմ՝ բացառված չէ, որ շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ սկսեն ավելի իրատեսական անկյունից նայել»:
Ըստ «Ադեկվադ»-ի հիմնադրի՝ հասարակության մեջ էյֆորիայի ալիքը նահանջել է, կան բազմաթիվ մարդիկ, որոնք հասկացել են, թե ինչ է տեղի ունեցել, հասկացել են սեփական սխալները, բայց նրանց թիմն, ամեն դեպքում, մեծ չէ: «Յուրաքանչյուր քաղաքացի իր սխալը պետք է հասկանա, և կան քաղաքացիներ, որոնք դա հասկացել են, բայց, ցավոք սրտի, պետք է նշել, որ ճնշող մեծամասնությունը, նույնիսկ նրանք, ովքեր հիասթափվում են Նիկոլ Փաշինյանից, ոչ իրատեսական են պատկերացնում երկրի անցյալը, ներկան և ապագան: Իրենք սկսում են խոսել նրա մասին, որ Նիկոլն իրենց խաբեց, բայց չեն ասում, որ իրենք ուզում էին խաբվել, Նիկոլն էլ պարզապես բավարարեց մարդկանց պահանջը: Մարդիկ չեն հասկանում, որ ինքնախաբեությունը շատ վտանգավոր երևույթ է: Սա է պատճառը, որ մի տարի անցել է, բայց մարդկանց շատ փոքր խումբ է հասկացել, որ ինքնախաբեությունը շատ վտանգավոր է, և այն, ինչ տեղի է ունեցել ու ունենում է հիմա, արդյունք է հենց ինքնախաբեության»,-նշում է Դանիելյանը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է անում «Ադեկվադ»-ի թիմը՝ այդ «առողջացման» համար, Արթուր Դանիելյանն ասում է.«Մենք աշխատում ենք, ունենք մեր մարտավարությունն ու ռազմավարությունը, առաջին հերթին մենք մեզ համար ընդունել ենք, որ պետք է սեփական օրինակով ցույց տանք, թե քաղաքացին ինչպիսին պետք է լինի, որպեսզի խուսափենք նման կատակլիզմներից: Մենք մարզային հանդիպումներ ենք անցկացնում, մոտավորապես երկու շաբաթը մեկ փորձում ենք մարզերից որևէ մեկում հանդիպում կազմակերպել մեր համակիրների հետ, տարածել մեր գաղափարախոսությունը, և մարդկանց հուշել, հորդորել, որ ոչ իրենք զբաղվեն ինքնախաբեությամբ, ոչ էլ իրենց շրջապատին խաբեն: Դրա համար առողջացման գաղափարախոսությունը ամեն մեկս իր մասով պետք է տարածի»:
Դանիելյանը, սակայն, ընդգծում է՝ մարզերում շատ ավելի դանդաղ է ինֆորմացիան հասնում, փոփոխությունները միշտ սկիզբ են առնում Երևանից.«Բայց դրա հետ մեկտեղ, պետք է ասել, որ թեև Երևանից դուրս ապրող մարդկանց էմոցիոնալ լարերին ավելի հեշտ է կպնել և իրենց զգացմունքների հետ խաղալն ավելի հեշտ է, ավելի միամիտ են, բայց նաև, տիեզերական առումով, շատ ավելի առողջ են հոգեբանորեն: Այսինքն՝ կան և պլյուսներ, և մինուսներ, բայց, այո, պետք է նշեմ, որ հիասթափության ալիքը շատ ավելի մեծ է Երևանում, քան մարզերում, սակայն ես վստահ չեմ, որ դա վատ երևույթ է: Մարզերում մարդիկ մտածում են՝ դե երևի ժամանակ է պետք, ժամանակի ընթացքում Փաշինյանն ինչ-որ բան կանի, և, առհասարակ, դա ճիշտ մոտեցում է. իհարկե, ցանկացած բարեփոխման համար ժամանակ է պետք, ուրիշ հարց, որ ի սկզբանե նա ունակ չէ բարեփոխում անելու, և կգա ժամանակ, որ ամենահեռու գյուղերում էլ կհասկանան, որ Նիկոլը կեղծ էր»:
«Ադեկվադ»-ի թիմը հաճախ է հանդես գալիս հայտարարություններով ու տեսաուղերձներով՝ նշելով, թե իշխանություններն «Ադեկվադ»-ի թիմի մասին միֆեր ու մանիպուլյացինաներ են տարածում: Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ նշված մեթոդներով կկարողանա՞ն լռեցնել իրենց.«Մեզ լռեցնել միանշանակ չեն կարողանա, բայց մանիպուլյացիաները, ամեն դեպքում, ինչ-որ արդյունք ունենում են: Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեզ անձամբ ճանաչում են, ծանոթ են մեր գաղափարներին, տրվում են մանիպուլյացիներին, և հաճախ ստիպված ենք լինում արդեն անձամբ բացատրել այդ կեղծիքների ողջ էությունը: Քանի որ մեր դեմ ողջ պետական ապարատն է, և ոչ միայն մեր պետության, այլև այլ պետություններից են՝ Հայաստանում գործող գործակալական ցանցերից: Դրանք բոլորը կոնսոլիդացված, միֆաստեղծ գործունեությամբ են զբաղված մեր դեմ: Շատ դժվար է այդ ռեսուրսների դեմ պայքարել: Մանիպուլյացիաներն ինչ-որ արդյունք տալիս են, բայց երկարաժամկետ պարագայում դա իրենց դեմ է աշխատելու, որովհետև ինչ-որ մեկին վատաբանելով դու ինքդ առաջ չես կարող գնալ: Եթե իրենք սեփական օրակարգը չունենան, մեր օրակարգի դեմ պայքարելով հեռու չեն գնա. ուշ, թե շուտ իրենք իրենց փորած փոսն են ընկնելու»:
Մեր դիտարկմանը, թե իշխանություններն էլ «Ադեկվադ»-ին են մեղադրում՝ իրենց վատաբանելու համար, Դանիելյանը պատասխանեց.«Մենք ընդամենը փաստեր ենք արձանագրում: Վատաբանելն ու քննադատելը տարբեր բաներ են: Ես օրինակ, կասեի, որ վատաբանելն այն է, երբ մարդը մեղադրանքներ է հնչեցնում, որոնք որևէ կերպ չի կարող հիմնավորել: Ես, համենայն դեպս, որևէ բովանդակային քննադատություն չեմ տեսել իրենց կողմից, չի եղել նույնիսկ առաջարկ ինչ-որ դիալոգի կամ, թեկուզ, դեբատի, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ բովանդակային դեբատով որևէ ասելիք չեն ունենա: Մտածող մարդու համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում կտրուկ անկում կա, և այս առումով ճգնաժամային իրավիճակ է տիրում»:
Վերադառնալով դատական հայցին՝ Արթուր Դանիելյանից հարցրինք՝ իր կարծիքով՝ ո՞րն է լինելու այդ ամենի շարունակությունը: «Տեխնիկական առումով՝ հաջորդ քայլը դատավորի կողմից նիստ նշանակելն է: Ենթադրում եմ՝ Փաշինյանն անձամբ չի ներկայանա, ինչը լինելու դեպքում, իհարկե, շատ զվարճալի դատավարություն կստացվեր: Կարծում եմ՝ ներկայացուցիչը կգա, և ինչ-որ պահի դատավորը զանգ կստանա, և այդ զանգի հիման վրա կորոշվի, որ դեռևս ժամանակը չէ բավարարել հայցը: Դեռևս, որովհետև ես վստահ եմ, որ ուշ, թե շուտ, եթե ոչ դատական ատյանում, ապա այլ ատյաններում այդ հայցը բավարարվելու է»:
Հարցին՝ Դանիելյանն ի՞նչ է կարծում՝ այս փուլում, երբ բազմաթիվ են կարծիքները, թե դատական համակարգն արդար չի գործում, իր հայցն արդար կքննվի, Արթուր Դանիելյանը պատասխանեց.«Ինչ-որ տեղ, իհարկե, իրենց հետ համաձայն եմ, որովհետև այս մի տարվա ընթացքում եղած դատավճիռները, որ կայացվել են, թույլ են տալիս բոլորիս նման դիտարկում անել, բայց կասկած չկա, որ դատական համակարգը ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին: Օրինակ, իր հրահանգով, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվում է կամ ստորագրությամբ չհեռանալու, կամ կալանքի, իր հրահանգով մահամերձ Մանվել Գրիգորյանին, արդեն մի տարի է, կալանքի տակ են պահում: Շոուն, որը Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց՝ հանուն անկախ դատական համակարգի, միտված էր ընդամենը քողարկել այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանին իր հրահանգով են ազատել: Դա իր համար քաղաքական առևտուր էր, բայց այդ առևտուրը չէր կարող ներկայացնել իր համակիրներին, չէր կարող ասել, որ Ռուսաստանի հետ առևտուր է անում, դրա համար պետք է Քոչարյանին ազատել: Ինքը ստիպված եղավ այդ կրկեսը կազմակերպել ու պնդել, որ դատարանը անկախ իրենից ինչ-որ որոշում է կայացրել: Դա, իմ կարծիքով, աբսուրդային է, քանի որ այս մի տարվա ընթացքում բազմաթիվ ապացույցներ ենք տեսել, որ դատարանները Նիկոլի կամակատարն են»:



