Արտգործնախարարների հանդիպման օրակարգում առաջն...

Politik.am-ը, անդրադառնալով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ապրիլի 15 -ի հանդիպմանը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հումանիտար նախաձեռնություններ, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից փորձեց ճշտել, թե ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը: 

Մինչ այդ Զախարովան  արձագանքելով «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու մարդասիրական առաջարկներին, ասել էր, որ հանդիպումը  լավ հնարավորություն կլինի դիտարկելու այս  հարցերը:

Մեզ հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ Զախարովայի խոսքով ` այս երկու մարդասիրական առաջարկները կարող են քննարկվել հանդիպմանը, սակայն դեռ հստակեցում չկա. «Հանդիպման օրակարգում իրենց ամբողջ սպեկտրով քննարկվելու են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը: Առավել մանրամասն կտեղեկացնենք հանդիպման արդյունքներով»: