Արտաքին կենտրոնները միշտ ունենում են իրենց շա...

Փոքր երկրները միշտ մեծ երկրների համար առևտրի և իրար ազդեցության ոլորտներ մեծացնելու և փոքրացնելու համար են եղել: Բոլոր գերտերությունները միշտ ձգտում են դառնալ մեծ ազդեցություն ունեցող, և հակառակը՝ մյուսները ձգտում են նրանց ազդեցությունը քչացնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: 

Նա նշել է, որ դա հեշտ է անել փոքր երկրների հաշվին և այդ վերաբերմունքը պետք չէ կենտրոնացնել Հայաստանի վրա: 

«Մշտապես այդ պրոցեսը կա: Մենք բոլորս պետք է հասկանանք, պետք է հաշվի առնենք, որ մի պահ «չգցվենք» մի երկրի գիրկը, հետո այնտեղից մյուս երկրի գիրկը: Հասկանանք, որ բոլոր արտաքին կենտրոններն ունեն իրենց ազդեցության և շահի մասը», - ասել է ԱԺ նախագահը:

Հարցին՝ արդյո՞ք Սիմոնյանը կիսում է այն մտահոգությունը, որ ԱՄՆ-ն ակտիվացել է Իրանի դեմ, նա պատասխանել է.

«Ես չգիտեմ՝ ինչի համար է ակտիվացել, իրենք ավելի լավ կիմանան: Դա կարող է լինել գումարը, կարող է լինել ՌԴ-ի դեմ, կարող է լինել պայմանական ինչ-որ այլ բանի համար, կամ, կարող է ընդհակառակը, որևիցե բանի դեմ չլինի, այլ ծրագիր լինի: Նման խոսակցությունները կարող ենք խոհանոցում նստել, սուրճ խմել, ասել տեսա՞ք՝ ինչ արեցին»:

Ալեն Սիմոնյանն ասել է, որ այս ամենից դուրս կա խոսակցություն Իրանի հետ, ըստ որի գոյություն չունի որևէ մտահոգություն, անհանգստացնող որևէ բան և չի կարող գոյություն ունենալ, որովհետև ՀՀ-ն իր քաղաքականության մեջ որևիցե բան չի արել և չի անի, որը միտված կլինի իր հարևանների դեմ, այդ թվում՝ Իրանի: