Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել...

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, նշված ՓԲԸ-ի տարածքի խոտածածկ հատվածում բռնկված կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցներն ու անվտանգության ծառայողները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։

Հրդեհաշիջման աշխատանքներին միացել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի աշխատակիցները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ՓԲԸ-ի աշխատակիցները, անվտանգության ծառայողներն ու փրկարարները օպերատիվ և գրագետ չգործեին, կրակը տարածվելու էր հրդեհի հարևանությամբ գործող յուղերի և քսանյութերի պահեստային տարածք, ու այդ ժամանակ կժամանեին ոչ թե 4, այլ ավելի շատ հրշեջ-փրկարարներ։

Ընդհանուր այրվել է 3 հեկտար չոր խոտածածկ տարածք, փայտե կառուցատարրերը և ՓԲԸ-ի կողմից շահագործվող փայտե տնակ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ հրդեհի պատճառը եղել է այն, որ այդ հատվածով անցնող բարձր լարման էլեկտրասյան վրա անցկացված էլեկտրալարերին է դիպչել արագիլը, ինչն ըստ մասնագետների «դուգա» է տվել ու հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հրշեջները հայտնաբերեցին նաև մոխրացած արագիլին։