Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակ...

Արմեն Գրիգորյանին այլ պաշտոնի տեղափոխելու հարցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման, այլ պաշտոնի տեղափոխման, այդ պաշտոնում այլ անձի նշանակման հարց չի քննարկվել»,–ասաց նա։

Հարցին՝ անակնկա՞լ էր այս որոշումն իրենց համար, Խաչատրյանը պատասխանեց. «Գուցեև անակնկալ չէր, բայց այդ հարցը մենք չենք քննարկել։ Կներեք, բայց ամեն ինչից անակնկալի չեմ գալիս, շատ դժվար եմ անակնկալներ ունենում։

Արմեն Գրիգորյանը վեց և ավելի տարիներ Անվտանգության խորհրդի քարտուղար է, և սովորաբար, ինչ-որ մի ժամկետ լրանալուց հետո, պաշտոնյաները փոփոխվում են, փոխարինվում են այլ պաշտոնյաներով, տեղափոխություններ են լինում։ Գուցե դա Արմեն Գրիգորյանի ցանկությունն է եղել այլևս այլ պաշտոնի անցնել, ես չեմ կարող ասել այդ մասին։ Շատ նորմալ է, որ մարդը վեց-յոթ տարի ինչ-որ մի պաշտոնում աշխատելուց հետո, այլ պաշտոնի է տեղափոխում, դա նորմալ է և կարծում եմ նույնիսկ երբեմն անհրաժեշտ»։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկի համաձայն՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, մեկ այլ որոշման համաձայն՝ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Արմեն Գրիգորյանին առաջարկել է աշխատել վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինս նախընտրել է դադար վերցնել։