Արմեն Գրիգորյանի մահվան մասին չխոսեցին միայն...

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում իսկապես ցնցեց հանրությանը։ Գրեթե ոչ ոք անտարբեր չմնաց՝ եղան հայտարարություններ ընդդիմադիր ուժերի ու գործիչների կողմից, արձագանքեցին մշակութային և հասարակական գործիչներ։ Կատարվածի մասին անգամ ստիպված եղավ խոսել Փաշինյանի իշխանության կողմից ՄԻՊ նշանակված Քրիստինե Գրիգորյանը (հայտարարությունն իհարկե լղոզված էր, բայց որոշ գնահատականներ կային)։

Այս ընթացքում քար լռություն պահպանեցին, հիմնականում, իշխանության ներկայացուցիչները, և որքան էլ որ զարմանալի է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հանրային գործունեությամբ զբաղվելու մասին հայտարարած Թաթոյանը անգամ ցավակցական խոսքեր չասաց Գրիգորյանի ողբերգական մահվան մասին։

Հետաքրքիր է, թե ինչու՞ է Թաթոյանը լռում բոլոր այն դեպքերում, երբ խոսքը գնում է իշխանության քննադատների մասին, որոնք միևնույն ժամանակ նաև պրոռուսական գործիչներ են։ Թաթոյանը օրինակ  խոսել է ֆրանսահայ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտք գործելու արգելքի մասին, բայց քաղաքական դրդապատճառներով  կալանավորված ու այդ ընթացքում դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի մահվան մասին ոչ մի բառ։

Թաթոյանը նույն կերպ որևէ գնահատական չհնչեցրեց, երբ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետևանքով տասնյակ քաղաքացիներ վիրավորվեցին ու հայտնվեցին հիվանդանոցներում։

Իհարկե Արման Թաթոյանն ազատ մարդ է և ինքն է որոշում ինչի մասին խոսել կամ ինչի մասին չխոսել, բայց իր այս վարքագիծը բազմաթիվ հարցերի պատասխան է դառնում։ Տպավորություն է ստեղծվում, որ Թաթոյանը խոսելու է միայն այն խնդիրների մասին, որոնք խիստ չեն բարկացնի Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև չեն փչացնի իր և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինիի հարաբերությունները։