ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի Հանրապետություն գործուղելու մասին: ՌԴ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, իսկ Տաջիկստանում պատվիրակությունը մասնակցելու է ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ ապրիլի 28-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի՝ Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Ընդունել ի գիտություն, որ՝ 1) Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արամ Թարվերդյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը. 2) ապրիլի 28-ին պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե և ապրիլի 29-ին Դուշանբեից Մոսկվա վերադարձն իրականացվելու են ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը. 3) պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը (բոլոր ծախսերը հոգում է ինքնուրույն), ով միանալու է պատվիրակությանը Մոսկվայում: 4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ապահովել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: