Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում ԿԳՄՍՆ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ները միացել են «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին, իսկ սովորողների ուսումնական գործընթացը կազմակերպվել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի» Արմավիր, Երևանյան փ., Շ 36 և Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, 46 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերում:
Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, 46 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը գտնվում է անմխիթար վիճակում: Պարզվել է, որ շենքը 3-րդ կարգի վթարային է և ենթակա է հիմնանորոգման: Նշված գործընթացը սահմանված կարգով իրականացնելու և մինչև ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման ավարտն անհրաժեշտ է լրացուցիչ տարածք սովորողների ուսուցումը կազմակերպելու համար:
Ըստ այդմ, որոշվել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց 170 հասցեում գտնվող՝ 3760.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, 9.6 քառ.մետր մակերեսով պահակատունը, 24.4 քառ. մետր մակերեսով էլ. ենթակայանը, 599.7 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 86.6 քառ. մետր մակերեսով պահեստը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 2,445 հեկտար մակերեսով հողատարածքը սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին»՝ 5 տարի ժամկետով , մինչև Արմավիր քաղաքի Շահումյան փողոց 46 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտը:



