«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը վստահ է, որ իրենք 2026-ի ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը։
Այս մասին մայիսի 25-ին Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից մեկնարկած քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Արման Թաթոյանն՝ ավելացնելով, որ իրենց շփումները քաղաքացիների հետ այդ ամենի մասին են խոսում և իրենց մնում է ընտրությունների օրը շահել քաղաքացիների վստահությունը։
«Այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են և քվեախցիկում ամբողջ իշխանությունն այդ պահին քաղաքացու ձեռքում է։ Մենք պետք է ընտրենք հանուն հույսի ու հավատի, մեր երկրի ապագայի, և մենք ինքներս որոշենք մեր ճակատագիրը՝ առանց վախերի»,-ասել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական արտադրության որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումների կիրառմանը՝ Թաթոյանն ասաց, որ Հայաստանը չպետք է կախված լինի միայն մեկ երկրից։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդ հարաբերություններ են, սակայն մենք իրավունք չունենք խզելու այդ հարաբերությունները, քանի որ հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն, մշակութային կապեր կան։ Մենք պետք է աշխատենք հանուն մեր երկրի շահերի։ Սա է լինելու մեր քաղաքականությունը»,-ասել է Թաթոյանը։
Նա նշել է, որ բոլոր թեկնածուների մեջ որևէ մեկը չունի այն աշխատանքային փորձը, որն ինքն ունի, քանի որ աշխատել է և՛ պետական մարմիններում, և՛ հասարակական ու միջազգային կառույցներում։
«Ես պատկերացնում եմ ինչպես են պետությունները ձախողվում և ինչպես պետք է դա կանգնեցնել։ Ես մատս ինչին դրել եմ, հաջողել եմ։ Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը»,-վստահեցրել է Թաթոյանը։
Նա նշել է, որ իրենք ունեն նաև հստակ քայլեր ընտրական փուլից հետո հնարավոր բոլոր սցենարների համար։
«Ես եղել եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանել եմ մեր քաղաքացիների շահերը և հիմա հանձնառու եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։ Հայաստանում չկա հարց, որը մենք չկարողանանք լուծել»,-հավելել է Արման Թաթոյանը։
Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։



