ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 19-ից 22-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։
Քննարկվել են մի շարք թեմաներ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի 7 քաղաքների և Օվերն-Ռոն-Ալպեր (ՕՌԱ) շրջանի համագործակցության, «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ցանցի ստեղծման ազդարարման վերաբերյալ։
Այցի շրջանակներում Արման Խոջոյանը մասնակցել է տնտեսական բաղադրիչին նվիրված միջոցառմանը՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական միջավայրը, երկկողմ համագործակցության ուղղությունները՝ ի նպաստ Հայաստանում և մասնավորապես Սյունիքի մարզում առկա մարտահրավերների հաղթահարմանը՝ ընդգծելով ՕՌԱ շրջանի հետ համագործակցության կարևորությունն ու նշանակությանը:
Միջոցառման ավարտին Սյունիքի մարզի յոթ քաղաքները համագործակցության հուշագրեր են ստորագրել ՕՌԱ շրջանի իրենց քույր քաղաքների հետ։
Նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև ՕՌԱ շրջանի նախագահ Ֆաբրիս Պանկուկի և պատգամավոր Լորան Վոքյեի հետ, որի ընթացքում նախանշվել են հնարավոր համագործակցության շրջանակները։