
Երեկ հրապարակվել է Կոռուպցիայի ընկալման 2024 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ առանց որևէ առաջընթացի։ Այդ կապակցությամբ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհուրդն ընդունել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Առկա են մի շարք համակարգային մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը:
Հիմնական մարտահրավերներն են՝
- Հակակոռուպցիոն կրթության, իրազեկման և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ պետական իրավասու մարմինների ոչ արդյունավետ և ոչ համակարգված գործունեությունը
Կառավարության և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների կողմից իրականացվող քաղաքականությունը դեռևս չի ապահովում հասարակության շրջանում հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման, իրազեկվածության բարձրացման և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացում։ Հատկապես անբավարար է կրթական հաստատություններում և պետական ծառայության համակարգում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումն ու իրականացումը։
- Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի իրական անկախության ամրապնդման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը
Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած երկու առանցքային մրցույթները (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթը և Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի մրցույթը) բացահայտել են կադրային քաղաքականության թափանցիկության և արժանիքահեն մոտեցումների ապահովման խնդիրները։ Այս գործընթացներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության մեխանիզմների ոչ պատշաճ կիրառումը հիմնավոր մտահոգություններ է առաջացրել քաղաքական ազդեցությունների հնարավոր առկայության վերաբերյալ՝ խոչընդոտելով պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերի ներգրավմանը։
- Բիզնես միջավայրի խոցելիությունը և վարչարարության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը.
Մասնավոր հատվածում դեռևս առկա են որոշակի մարտահրավերներ, որոնք կարող են սահմանափակել գործարար միջավայրի զարգացման հնարավորությունները և ազդել ներդրումային միջավայրի գրավչության ու ազատ մրցակցության վրա։ Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմները և բիզնեսի պաշտպանվածության երաշխիքները ունեն հետագա կատարելագործման ներուժ։ Հատկանշական է նաև, որ նոր կարգավորումների վերաբերյալ հանրային իրազեկման ջանքերը կարող են էլ ավելի ընդլայնվել՝ բարձրացնելով իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցության թափանցիկության և հաշվետվողականության բարելավման անհրաժեշտությունը.
Որոշ միջազգային և արտասահմանյան դոնոր կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ոլորտում գործող հայաստանյան ՔՀԿ-ներին տրամադրվող խոշոր դրամաշնորհային ծրագրերում դեռևս առկա են մրցութային ընթացակարգերի և հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման հնարավորություններ։ Առավել թափանցիկ, հաշվետու և մրցակցային մոտեցումների կիրառումը կարող է նպաստել ոլորտում առողջ մրցակցության ձևավորմանը և հակակոռուպցիոն ջանքերի արդյունավետության բարձրացմանը»։
Հակակոռուպցիոն Կոալիցիան նշում է, որ պատրաստակամ է իր փորձագիտական և տեխնիկական ներուժը ծառայեցնել հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը՝ հանուն Հայաստանում կոռուպցիայից զերծ միջավայրի ձևավորման։