Առինջի կամարի մոտ Toyota Land Cruiser-ից կրակ...

Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից: Պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:

Նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: