Հունվարի 31-ի երեկոյան Արգենտինայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք համաձայն չեն երկրի նախագահ Խավիեր Միլեյի «շոկային» բարեփոխմանը։ Այն կհանգեցնի գների զգալի աճի։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Nacion-ին։
Ակտիվիստները մամուլին տեղեկացրել են ուժայինների կողմից ծեծի եւ արցունքաբեր գազի կիրառման մասին։ Ուժայինների հետ բախումների հետեւանքով բռնել են առնվազն վեց մարդու։ Պարբերականի տվյալներով՝ բռնվածներից մեկը չիլիացի 30-ամյա մի տղամարդ է, նրան ներկայացվել են ուժային կառույցների աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու եւ հարձակվելու մեղադրանքներ։ Մյուս բռնվածները կանայք են։ Նրանք հրաժարվել են ենթարկվել ոստիկանության ցուցումներին։
Ցուցարարները սկսել են հավաքվել կոնգրեսի շենքի մոտ բարեփոխումների քննարկման ժամանակ։ Լարվածությունը խորհրդարանի շենքի մոտ սկսել է ավելանալ քննարկումներին զուգընթաց, տեղի են ունեցել բախումներ իրավապահների եւ ցուցարարների միջեւ։
Դեկտեմբերին Միլեյը ստորագրել էր արտակարգ հրամանագիր տնտեսության ազատականացման ավելի քան 300 բարեփոխումների մասին, դրանք վերաբերում են բոլոր ոլորտներին եւ ենթադրում են ծախսերի լուրջ կրճատումներ։