
Արգենտինայի իշխանությունները հայտնել են, որ Բաիա Բլանկա նավահանգստային քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի, 2 հոգի անհետ կորած է։ Այս մասին հայտնում է France-Presse-ը։
Ըստ գործակալության՝ ջրասուզակները որոնում են 1 և 5 տարեկան երկու աղջիկների, որոնք անհետացել են արագահոս ջրերում: Երկու քույրերի անհետացումը ցնցել է արգենտինացիներին, իսկ իշխանությունները հաստատել են ողբերգության մանրամասները: Նահանգի անվտանգության նախարար Խավիեր Ալոնսոն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ աղջիկները մոր հետ ֆուրգոնի վրա են եղել, երբ ջրի ալիքը քշել-տարել է նրանց:
Քաղաքում, որը գտնվում է Բուենոս Այրես նահանգի հարավում և երկրի ամենամեծ նավահանգիստներից մեկն է, մարտի 7-ին մի քանի ժամվա ընթացքում մեկ տարվա տեղումներ են գրանցվել, բազմաթիվ թաղամասեր և ճանապարհներ արագորեն հեղեղվել են:
Քաղաքապետ Ֆեդերիկո Սուսբիելեսը մամուլի ասուլիսում նշել է, որ ջրհեղեղը 400 միլիոն դոլարի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ, X-ում հրապարակված գրառման մեջ նա տեղեկացրել է, որ «կա 16 հաստատված զոհ, բայց հավանական է, որ ցուցանիշն ավելի մեծ լինի», քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Բաիա Բլանկա քաղաքի իշխանությունները անջատել են էլեկտրական հոսանքը՝ փողոցներում ջրի հսկայական քանակության պատճառով:
Կառավարությունը նախաձեռնել է 9,2 միլիոն դոլարի օգնություն՝ շտապ վերականգնման աշխատանքների համար:
Բաիա Բլանկան նախկինում ևս տուժել է տարերային աղետներից, այդ թվում՝ 2023 թվականի դեկտեմբերին՝ փոթորիկից, որը 13 մարդու կյանք էր խլել, տների փլուզման պատճառ դարձել և ենթակառուցվածքներին մեծամասշտաբ վնաս պատճառել: