Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»:
Կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ:
Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ի պատիվ Հայաստանի նախագահի դպրոց այցելության՝ համալիրի ուսուցչական և աշակերտական կազմերը նախապատրաստել են հայ-արգենտինական մշակութային ծրագիր՝ որը ներկայացնում էր երկու երկրների ազգային պարը, երգ-երաժշտությունը և ավանդույթները:
Արգենտինացի դպրոցականները ներկայացրել են հայկական ժողովրդական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում նաև Կոմիտասի մշակումներից:
Տպավորիչ ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, շեշտել է, որ «Հայ-արգենտինական դպրոցը» վառ ապացույցն է հայ և արգենտինական ժողովուրդների ամուր բարեկամության:
«Արգենտինան հայերիս համար յուրահատուկ տեղ ունի՝ իր էությամբ ու էմոցիաներով, հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, Հայաստանի անկախացումից հետո այս կրթական համագործակցությունը նոր խթան ստացավ: Ես վստահ եմ որ առաջիկայում էլ հայ-արգենտինական այս համագործակցությունը շարունակվելու է և հույս ունեմ, որ Երևանի մեր Հայ-արգենտինյան դպրոցն էլ մի այսպիսի գեղեցիկ անակնկալ միջոցառում կնվիրի մեր արգենտինյան բարեկամներին, որոնք կայցելեն Հայաստան:
Ես Արգենտինայի նախագահին իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հրավիրել եմ Հայաստան եւ հույս ունեմ, որ այդ այցելության ժամանակ ինքն էլ կայցելի Հայ-արգենտինյան դպրոց եւ կվայելի հայ դպրոցականների արգենտինյան արվեստի կամ երաժշտության կատարումը: Երբ երեխաները կատարեցին երկու երկրների հիմնը, երկու հիմներում էլ ազատություն բառը կար, մենք միշտ պայքարել ենք ազատության համար»,- ասել է նախագահը:
Հանդիպման ավարտին նախագահը գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում: