Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է ազա...

Արգենտինայի կառավարությունը կկրճատի պետական հատվածի աշխատողների թիվը եւս 50 հազարով։ Այս մասին տեղեկացրել է երկրի նախագահ Խավիեր Միլեյը։

«Պետության բոլոր կառույցները կրկնակի կրճատվել են։ Դա իր գինն ուներ, որովհետեւ, իհարկե, մենք ազատել ենք մարդկանց։ Ընդհանուր առմամբ մենք կկրճատենք 75 հազար մարդ, 25 հազարն արդեն ազատված է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լատինամերիկյան տնտեսական համաժողովում։

Միլեյը խոստովանել է, որ իր իրականացրած բարեփոխումները հարվածել են բնակչության խոցելի խավերին եւ միջին դասին։ «Մենք գիտեինք, որ մեր ծրագիրը առաջ կբերի սոցիալական լարվածություն եւ կհանգեցնի տնտեսական ակտիվության անկման»,- ասել է նա։ Միեւնույն ժամանակ, Միլեյը վստահություն է հայտնել, որ ձեռնարկված միջոցները օգնել են զսպել քաղաքացիների դժգոհությունը։

Միլեյը, որը նախագահ է դարձել 2023թ. դեկտեմբերի 10-ին, իր առաջին ելույթում երկրի իրավիճակը բնորոշել է որպես ծայրահեղ եւ հայտնել շոկային միջոցների անհրաժեշտության մասին։ Քաղաքական գործիչը կողմ է պետության նվազագույն միջամտությանը տնտեսությունում եւ Արգենտինայի տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է բյուջեի դեֆիցիտից ազատվելու մեջ ի հաշիվ ծախսերի կրճատման։ Արգենտինայի Կաթոլիկական համալսարանի հետազոտողների տվյալներով՝ աղքատության մակարդակը երկրում տարվա առաջին եռամսյակում ավելացել է շոկային միջոցների ֆոնին՝ հասնելով 55 տոկոսի։ Դեկտեմբերին այդ ցուցանիշը 49,5 տոկոս էր։