Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը: Այս մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս»,– հայտարարում են ԿԸՀ-ից՝ ևս մեկ անգամ կոչ անելով նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում։



