Արեւմուտքը փորձում է միջամտել ԼՂ-ում ստեղծված...

Արեւմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին եւ վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն հիմնականում որոշվում  է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովումն իրականացնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Սակայն Արեւմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը եւ վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով, Արեւմուտքի համար կարեւորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովելը»։

«Դրա օրինակը Եվրամիության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում, որում ներառված են հատուկ ծառայությունների զինծառայողներ եւ աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչով են նրանք իրականում զբաղվում», - ասել է Շոյգուն։

«Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցով», - ընդգծել է նախարարը։