Արևմուտքը պետք է վճռական գործի, որ չդառնա Ռու...

Ուկրաինայի նախագահը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարել է, որ Արևմուտքը պետք է ուժեղացնի աջակցությունը Կիևին, այլապես կկանգնի ուղիղ ռազմական հակամարտության սպառնալիքի առջև:

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ այսօր ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան պատրաստ չեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության քննարկմանը՝ վախենալով Ռուսաստանի հետ էսկալացիայից: Այդ կապակցությամբ Զելենսկին ընդգծել է ուկրաինական բանակը մինչև 1,5 միլիոն մարդ ավելացնելու անհրաժեշտությունը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանը 15 դիվիզիա է ձևավորում՝ բելառուսական ուղղությամբ դիրքերն ուժեղացնելու համար: Ըստ Զելենսկու՝ այդ ուժերը կարող են օգտագործվել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում՝ Լեհաստանի և Բալթյան երկրների դեմ։

Զելենսկին հատուկ ուշադրություն է հրավիրել ռազմավարական օբյեկտների անվտանգությանը, անդրադարձել Չեռնոբիլի ատոմակայանի վրա հարձակմանը՝ դա որակելով «ահաբեկչական գործողություն»։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Եվրոպան գիտակցում է, որ կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ թիրախը, և պետք է վճռական գործի։ Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներն այժմ աշխարհին բանակցություններ վարելու հնարավորություն են տալիս, սակայն առանց ակտիվ գործողությունների Արևմուտքը կարող է ներքաշվել պատերազմի մեջ:

«Մենք պետք է շատ արագ ԱՄՆ-ի հետ քննարկենք Պուտինի վրա ճնշում գործադրելու կոնկրետ քայլերը։ Հակառակ դեպքում Արևմուտքը ստիպված կլինի փոխել իր կոստյումները զինվորական համազգեստով» - հայտարարել է Զելենսկին։