Արևմուտքը Իրանի համար վերջնաժամկետ է սահմանել...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու վերջնաժամկետ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Եթե մինչև այդ ամսաթիվը համաձայնության չհասնեն, երեք եվրոպական տերությունները նախատեսում են գործարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի Իրանի համաձայնագրով չեղարկված պատժամիջոցներին «անհապաղ վերադարձի» մեխանիզմ, նշում է պարբերականը։

Աղբյուրների համաձայն՝ եվրոպացիները մտադիր են մոտ ապագայում բանակցություններ սկսել Իրանի հետ և փորձել համոզել Թեհրանին, որ կարող է խուսափել պատժամիջոցներից։ Սակայն դրա համար Իսլամական Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ապացուցելու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

Մասնավորապես, խոսքը ՄԱԳԱՏԷ-ի կողմից մոնիթորինգի վերսկսման մասին է, որը Իրանը կասեցրել էր Իսրայելի և Ամերիկայի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո, ինչպես նաև երկրից մինչև 60% հարստացված մոտ 400 կգ ուրանի դուրսբերման մասին, որը գտնվում է Թեհրանի տրամադրության տակ։

Axios-ը պարզաբանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հիասթափված է, որ Իրանը դեռևս չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ: