Արևմուտքի երկրների հետ ՀՀ–ի հարաբերություններ...

Հայաստանն անկախ երկիր է և Իրանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան համարում է Հայաստանի Հանրապետության բնական իրավունքը: Հայաստանի Հանրապետության հարաբերությունների դիվերսիֆիկացիաների կողմերից մեկը հենց Իրանն է եղել: Այս  մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով տարածված տեսակետին, թե Իրանը հնարավոր է՝ միանշանակ չնայի Հայաստան-ԵՄ, Հայաստան–Արևմուտք մերձեցմանը։

«Ձեր նշած երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորությունը մենք Իրանի դեմ քայլ չենք գնահատում։ Հայաստանը ուղղակի փորձում է տարբեր ձևերով դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները՝ ի շահ իր երկրի։ Հայաստանը անկախ երկիր է, մենք չենք կարող Հայաստանին ասել այս երկրի հետ հարաբերություններ ունեցիր և այն երկրի հետ հարաբերություններ մի ունեցիր։ Ուղղակի այն, ինչ մենք մտածում ենք, հետևյալն է, որը Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը օգնի նաև Իրանի հետ հարաբերություններին»,–ասաց դեսպանը։

Նա նկատեց, որ վերջերս Հայաստանում աղբի վերամշակման գործարանի բացման արարողության է մասնակցել, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի, Եվրամիության աջակցությամբ և դա իրականացնում էր իրանական ընկերություն։

«Այժմ հենց Մեղրիի մաքսատանը մենք մի նախագիծ ենք իրականացնում, որի ֆինանսավորումը կատարվել է Եվրոպական բանկերի միջոցով։

Մենք Հայաստանից ակնկալում ենք, որ Եվրոպայի և այլ երկրների հետ իր լավ հարաբերությունները օգտագործի Իրանի հետ իր հարաբերությունները զարգացնելու գործում։ Եվ պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ վստահեցրել է, որ արտաքին հարաբերությունների զարգացումը Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ և ինչպես նաև այն թուլացնելու համար չէ։ Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, և Հայաստանի կառավարությունը շատ նուրբ ձևով պահպանում և պաշտպանում է Իրանի հետ իր հարաբերությունները, որովհետև այն ինչ կատարվում է, երկու երկրների և երկու ժողովուրդների շահերից է բխում։

Դա նպաստում է երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, զբոսաշրջության ոլորտի, զարգացմանը, մշակութային համագործակցության զարգացմանը, և այս ամբողջը նպաստում է և՛ Իրանի, և՛ Հայաստանի տնտեսությունը զարգացնելուն»,– հայտարարեց դեսպան Սոբհանին։