Արևմտյան Եվրոպայում ձյան առատ տեղումների և մե...

Արևմտյան Եվրոպայում ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել, ճանապարհներ են արգելափակվել, գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Փարիզում առատ տեղումներ են գրանցվել առավոտյան, իսկ Մեծ Բրիտանիայի հարավում ավելի շատ տեղումներ են սպասվում հունվարի 8-ին և 9-ին։ Հունվարի 6-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի մեծ մասում արդեն ցուրտ եղանակի մասին նախազգուշացումներ էին արվել։

Նիդեռլանդական KLM ավիաընկերությունն Ամստերդամի «Սխիփհոլի» օդանավակայանում ավելի քան 600 չվերթ է չեղարկել։ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ավիաընկերություններին խնդրել է կրճատել Փարիզի «Շառլ դե Գոլի» օդանավակայանում չվերթերի 40%-ը, իսկ Օռլիի օդանավակայանում՝ 25%-ը։ Բրյուսելում ևս բազմաթիվ չվերթեր են չեղարկվել և հետաձգվել։

Նիդեռլանդների իշխանությունները մարդկանց հորդորել են հնարավորության դեպքում աշխատել տնից։ Ֆրանսիայի իշխանությունները շրջանների մեկ երրորդում արգելել են բեռնատարներին և դպրոցական մեքենաներին դուրս գալ փողոց։

Մեծ Բրիտանիայում էլ վարորդներին հորդորել են մեծ զգուշավորություն ցուցաբերել։ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում մերկասառույցի վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել, նշում է BBC-ն։

Հունվարի 6-ին հաղորդվել էր, որ Եվրոպայում եղանակային վատ պայմանների պատճառով տեղի ունեցած միջադեպերը 6 մարդու կյանք են խլել։