Խնդիրը Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների արգելքն է, որի շուրջ քննարկումներ կունենանք մեր գործընկերների հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ տեսակցության արգելքին։
«Կոնկրետ տեսակության մասով մենք հետաքրքրվելու ենք և դրա արձագանքը կլինի։ Մենք մեր իրավապահ համակարգից կտեղեկանանք այդ արգելքի պատճառների մասին և հավելյալ տեղեկություն կտանք։ Ես կարծում եմ՝ նաև գործի բնույթը պետք է հասկանալ, պետք է չտարբերակենք որևիցե մեկին, նաև հաշվի առնելով կին լինելու հանգամանքը և այս գործելաոճը ընդհանրապես ընդունելի չէ ինձ համար։ Անկախ նրանից՝ կին է, երեխատեր մայր է, թե կրծքի երեխաներ ունի, ամեն ինչ կախված է հանցագործության տեսակից և ամենակարևորը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,–ասաց նա՝ բացառելով, որ տեսակցությունների արգելքը ճնշման լրցացուցիչ միջոց է։
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):



