Այս կամ այն անշարժ գույքի վաճառքի կամ վաճառքից հրաժարվելու հետ կապված գործընթացները լիովին թափանցիկ են։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյան ինստիտուտ) հայտնի ռուսաստանցի գործարար Վլադիմիր Եվտուշենկովի կողմից ձեռք բերելու մասին տեղեկությունը։
Անդրադառնալով իր ավելի վաղ հնչեցրած մեղադրանքներին, թե անցյալում ամեն ինչ վաճառվել է ռուսներին, իշխող խմբակցության պատգամավորը, մասնավորապես, հավաստիացրել է. «Մենք հարցն այնպես չենք ձևակերպել, թե ամեն ինչ վաճառվել է ռուսներին։ Մենք ընդամենն ասել ենք, որ եթե Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտները ենթակա են վաճառքի, դրանք չպետք է իրացվեն «գույք՝ պարտքի դիմաց» սկզբունքով։ Նախկինում այդ ճանապարհով վաճառվել են հանրապետական նշանակության բազմաթիվ կարևորագույն օբյեկտներ։ Այնպես որ, հարցը նրանում չէ, թե ում վաճառել, իսկ ում՝ ոչ»։ Մեկնաբանելով հենց վերոհիշյալ ԳՀԻ-ի (գիտահետազոտական ինստիտուտի) վաճառքը՝ իշխող ուժի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ որևէ բանից տեղյակ չէ և որ հարցը լրացուցիչ ճշտումների կարիք ունի։



