Արդյո՞ք Էրդողանը կժամանի Երևան. BBC-ի անդրադա...

Մայիսի 4-ին մայրաքաղաք Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հերթական հանդիպումը, որին հրավիրվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ապագայի կառուցում. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառումը նախագահելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:

Գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներն են լինելու ժողովրդավարական դիմակայունության բարձրացումը, կապակցվածության (connectivity) զարգացումը, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության ամրապնդումը:

Հանդիպմանը հրավիրված են 48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները: Ուշագրավ է, որ առաջին անգամ ԵՔՀ հանդիպմանը կմասնակցի ոչ եվրոպական երկրի առաջնորդ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:

BBC-ի թուրքական ծառայությունը հաղորդում է, որ թուրքական կողմը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել Էրդողանի՝ Երևան հնարավոր այցի վերաբերյալ: ԵՄ ներկայացուցիչները նշում են, որ մասնակիցների վերջնական ցուցակը դեռ հստակեցվում է:

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահը նախկինում բաց է թողել ԵՔՀ մի շարք հանդիպումներ (Իսպանիայում, Մոլդովայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում), թեև ներկա է եղել Պրահայի, Բուդապեշտի և Տիրանայի գագաթնաժողովներին: Ըստ գործող կանոնակարգի՝ եթե Էրդողանը չժամանի Երևան, Թուրքիան չի կարող ներկայացված լինել նախարարական կամ այլ՝ ավելի ցածր մակարդակով:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստը

Երևանյան այս հանդիպումն առանցքային նշանակություն ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին: Եվրամիությունը լիովին սատարում է այս գործընթացը՝ համարելով, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կայուն թափն արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող դրական դինամիկան»: Որպես առաջընթացի կարևոր օրինակ է դիտարկվում Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Եվրոպական քաղաքական համայնքը, որը ստեղծվել է 2022-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ, հարթակ է ծառայում եվրոպական առաջնորդների ոչ պաշտոնական երկխոսության համար՝ անկախ նրանց ԵՄ անդամակցությունից: