«Փաշինյանը փորձում է կանանց միջոցով ճնշումներ...

Արդեն մի քանի օր է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդումները, ռեպրեսիաները քրեական գործիքակազմով իրականացվում են, և սա հերթական դրսևորում է. այս պահի դրությամբ իմ տեղեկություններով 15 անձ մեր կուսակցությունից բերման է ենթարկվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան»–ի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Ավելի վաղ ահազանգեր ստացանք, որ իրավապահ մարմինները խոչընդոտներ են ստեղծել փաստաբանների համար, նրանց թույլ չեն տվել մոտենալ և իրենց պարտականությունները կատարել։ Ահազանգերից հետո կարծես թե փաստաբաններից մի քանիսին այս պահին հաջողվել է մուտք գործել։ Իմ տեղեկություններով էլի նույն անհեթեթ մեղադրանքն է, իբրև թե բարեգործական գործունեության արգելքի հետ կապված։ Սա նույնն է, ինչը առաջադրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Սա այդ նույն գծի շարունակությունն է, սա փորձ է քրեական գործիքակազմով փորձել վախեցնել մեզ և այդպիսով խոչընդոտել մեր գործունեությանը։

Սա նաև փորձ է իշխող ուժի համար իբրև թե հիմքեր ապահովել, որպեսզի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը։ Ամեն ինչ շատ պարզ է, նպատակները մեզ համար շատ հասկանալի են, բայց կրկնեմ, մենք կանգ չենք առնելու, մենք չենք վախենալու այս շինծու քրեական գործերից։

Բերման ենթարկվածները կուսակցության անդամներ են, մանրամասները կհայտնեն փաստաբանները։ Կան և կանայք այդ թվում, մեղադրանք է առաջադրված այս պահին մեկ անձի նկատմամբ»,–ասաց նա։