Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հոգեկան խանգարումը կոնկրետ նպատակ է հետապնդում եւ ուղղված է վերացնելու այն նախընտրական կառուցողական պայքարը, որն ընդդիմությունն առաջարկում է եւ, ըստ էության, վարում: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Օրինակ, ըստ նրա, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ դրանից առաջ մարզեր կատարած այցերի ընթացքում հստակ գիծ է անցկացրել՝ իշխանության եւ ընդդիմության կոշտ պայքարի պատճառով, Հայաստանի քաղաքացիների կյանքը չի բարելավվի: Ուստի, ինչպես նշեց Հովհաննիսյանը, նախկին նախագահը քաղաքացիներին փոխադարձ հարգանքի եւ զսպման կոչ է արել:
«Մարդը խոսում է իր ծրագրերի մասին, պատմում է հույսի, արժանապատվության եւ անվտանգության մասին: Մինչդեռ Փաշինյանը փորձում է Քոչարյանին ներքաշել այլ դաշտ, որտեղ ի վերջո վեճ է ծագելու, եւ ընտրողը, փաստորեն, դրա պատճառով չի կարողանա կենտրոնանալ նախընտրական ծրագրի եւ կոնկրետ անձի վրա: Փաշինյանը մարդկանց մոլորեցնում է, շեղում, որպեսզի ոչ ոք չխոսի ընտրական ծրագրերի մասին»,- ասաց Հովհաննիսյանը: